вторник, 17 мая 2016 г.

Մանկական բանաստեղծություններ
(հայ ժամանակակից հեղինակներ)

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ
Ամեն մեկը իր գործն ունի
Մեր տանը,
Գուլպաներ է գործում նախշուն
Մեծ նանը:
Իր սենյակն է կարգի բերում
Հայրիկը,
Վաղվա դասն է նստած սերտում
Քույրիկս:
Իսկ մայրիկն էլ մեր շորերն է
Արդուկում,
Լռություն է, լռություն է
Սենյակում:
Ես էլ մեղմիկ երգ եմ ասում,
Չեմ լալիս,
Քնեցնում եմ օրորոցում
Տիկնիկիս:


ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ով Է ՆԵՐԿԵԼ
-Այգու պահակ, ասա դու ինձ,
Ով է նուռը ներկել կարմիր,
Ով է ծառերը բարձրացել`
Դեղին ներկել դեղձ, սերկևիլ,
Սպիտակով, սևով պատել
Խաղողի խիտ ողկույզները,
Կանաչ վրձին է ունեցել,
Որ կանաչ են ընկույզները:
Շագանակի գույնը քիչ էր,
Որ ներկել է միայն թուզը,
Իսկ քո այգում ինչու չկա
Կապույտ գույնը, մուգ փիրուզը:
-Այդ արևն է, փոքրիկ Արմիկ,
Ցանկապատից մտել անտես
Ու մրգերը մեկիկ-կեկիկ
Իր շողերով ներկել պես-պես:

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍՈՆԱՆ ԿՐԿԵՍՈՒՄ
Փոքրիկ Սոնան գնաց կրկես,
Եվ զարմացավ ինչքան ասես,
Շունն ու գայլը մտերմացած
Նայում են վեր,նայում են ցած:
Ցածում մկնիկը կատվի հետ
Վազում առաջ,գալիս է ետ,
Իսկ վերևում աղվես աղան
Ագռավին է ասում՝խաղանք:
Վերջում Սոնան խիստ զայրացավ,
Թե՝հանդեսն այս շուտ վերջացավ,
Հետո ասաց մորը թաքուն՝
Եկ, կրկեսը տանենք մեր տուն:


ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ 
ՀՐԱՇՔ ԾԱՌԸ


Մի ծառ ունեմ,
Անուն չունի,
Վրան հազար
Պտուղ ունի:
Էլ սերկևիլ,
Էլ ձմերուկ,
Էլ դեղձ ու նուռ,
Էլ շատ պնդուկ:
Նաև դդում,
Նաև ընկույզ,
Էլ չեմ ասում`
Քաղցր ողկույզ:
Չեմ հասկանում
Ինչծառէ սա,
Վրան ամեն,
Ամեն ինչ կա:
Կարծես լինի
Փոքրիկ շուկա,
Որտեղ միայն
Առնող չկա,
Որովհետև
Ծախող չկա,
Որովհետև
Հրաշք է դա:

Ղուկաս Սիրունյան 

«Երկու մարդ, երկու թիթեռ ու երկու քառատող»

-Ինչի՞դ են պետք ձմռան կեսին
թիթեռորսիչ այս ցանցերը,
նետի՛ր տղաս, սահնակդ ա՛ռ,
սահիր ձյունե սահանքներով:

Վաղ գարնանը, երբ ետ եկան ծաղիկները,
կյանքը խայտաց արևի տակ,
տղաս կանչեց.-Հայրիկ, նայիր, երկու թիթեռ ի՞նչ են բերում:
-Թիթեռորսիչ ցանցերն են քո բռնած բերում: Ել, ընդունիր:

Комментариев нет:

Отправить комментарий