понедельник, 11 апреля 2016 г.

Ջաննի Ռոդարի





Շների երկիրը
Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ ոտից գլուխ կազմված էր իննսունինը տնից, ու ամեն տունը ճաղապատ դռնով մի պարտեզ ուներ, իսկ ճաղի ետևում՝ մի հաչող շուն:
Ֆիդոն, օրինակ, համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում էր այն մյուս իննսունութ տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս իննսունութ շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, քանզի ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս իննսունութ տների առջևով, և ուրեմն, նաև իննսունութ շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Հապա պատկերացրե՛ք, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր իննսունինն էլ հաչում էին միաբերան, իննսունինը տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:
Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէի ունեցել իրար ասելու կամ լսելու:
Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Ու ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :
Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում էին, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր “հա՛ֆ-հա՛ֆ”-ի նման մի բան, որից մարմինդ փշաքաղվում էր:
Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու իննսունինը տները, թվում էր, դարձել էին իննսունինը շնաբներ:
Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:
Մի անգամ , այդ երկիրը եկավ Ջովանինոն, իր հանրահայտ ճանապարհրոդություններից մեկի ժամանակ:
Իննսունինը շները նրան ընդունեցին խմբակային հաչոցով: Նա մի կնոջից մի բան հարցրեց ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:
-Հասկացա ,-եզրակացրեց Ջովանինոն: -Համաճարակ է:
Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց .
-Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատ- երի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես, ու առաջին վալսից հետո, անպայման կսովորեք նորից խոսել:
Քաղաքապետը նրան պատասխանեց.
-Հա՛ֆ, հա՛ֆ:
-Պարզ է, -ասաց Ջովանինոն,-ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը միանգամայն առողջ է:
Ու գնաց:
Գիշերները, եթե լսեք , որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:



Երիտասարդ խեցգետինը
Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.-Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-առ քիչ, գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Թե ուզում ես համառել, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք;
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ, հենց այստեղ պիտի ասել, իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջարիությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:


Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:
-Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:

Комментариев нет:

Отправить комментарий