среда, 6 января 2016 г.



 ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ
Սուրբ ծնունդը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է, որը  յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիքին բերում է Քրիստոսի լույսն ու օրհնությունը, այդ իսկ պատճառով մենք Սուրբ Ծննդյան պատարագից հետո մեր տուն ենք բերում վառված լապտերիկներ, որը խորհրդանշում է Բեթխեհեմի աստղի լույսը, որը Քրիստոսի ծնված ախոռի վերևում փայլում էր ճանապարհ մատնանշելով մոգերին, ովքեր եկել էին մանուկ Հիսուսին երկրպագելու: Ես նույնպես  բերեցի իմ լապտերիկը և թող բոլոր հայ ընտանիքներում վառվի օրհնված լույսը...Շնորհավոր Սուրբ Ծնունդ...


Սուրբ Ծննդյան Ավետիսը
«Ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի , և նրան կկոչեն Էմմանուել» որ նշանակում է «Աստված մեզ հետ » :
Մատթ.1:23
   Մեր նախածնողների մեղսագործությունից սկսած, մարդ արարածը սկսեց մի ճանապարհ, որը պիտի տաներ դեպի կորսված դրախտ և փրկություն: Դարեր և հազարամյակներ շարունակ հրեա ժողովուրդը սպասում էր խոստացված փրկչի` Մեսիային գալուստին, ով պիտի ազատեր մարդուն մահվան կապանքներից և վերադարձներ դեպի հավիտենական կյանքի ճշմարիտ շավիղները:
   Եվ ահա Գաբրիել հրեշտակապետը Աստծո հրամանով այցելում է Մարիամ անունով մի կույսի, ով արդար էր բոլոր կանանց մեջ և ուներ մեծ հավատք առ Աստված, որով և արժանացավ մեծագույն շնորհի` Աստծուն կրելու իր մեջ և կոչվելու աստվածամայր: Հրեշտակապետը Մարիամին ասաց. «Մի վախեցիր, Մարիաʹմ, որովհետև Աստծուց շնորհ գտար: Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի…» (Ղուկ. 1:30-32):
   Սա եղավ բեկումնային այն պահը, երբ մարդ արարածը տեսավ այն օգնության ձեռքը, որն Աստված իր վեհությունից խոնարհվելով մեկնեց մարդուն` նրան հանելու մեղքերի անդունդից, որի մեջ ընկել էր մարդը առաջին մեղքից հետո:
    Այսպիսով` Քրիստոսի Ծննդյան ավետիսը, որը բերեց Սուրբ կույս Մարիամին Գաբրիել հրեշտակապետը, եղավ և առ այսօր մնում է մեզ համար փրկության և նոր կյանքի ավետիս:

«Քրիստոս ծնավ և յայտնեցավ: Ձեզ եւ մեզ մեծ աւետիս: Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»

Комментариев нет:

Отправить комментарий