пятница, 15 января 2016 г.

Հետաքրքիր է իմանալ

Փշատը ժողովրդական բժշկության մեջ

Փշատենին աճում է Կովկասի, Միջին Ասիայի եւ Ղազախստանի տաք շրջաններում: Մեզ մոտ այն հանդիպում է Արարատյան հարթավայրի, Վայքի, Մեղրու եւ Նոյեմբերյանի շրջաններում: Հաճախ անխնամ վիճակից այս ծառերը չորանում են, բայց քչերը գիտեն, թե փշատը որքան օգտակար բույս է: Բուժական նպատակով օգտագործում են նեղտերեւ փշատենու պտուղները: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, սպիտակուցներ, թթուներ, տանիններ, ասկորբինաթթու, կալցիումական եւ ֆոսֆորական աղեր: Տերեւները, ինչպես նաեւ պտուղները հարուստ են դաբաղանյութերով: Շատ արժեքավոր նյութ է համարվում փշատենու բնի կեղեւի վրա առաջացած խեժը: Այն օգտագործվում է բարձրորակ լաքեր եւ գեղանկարչական ներկանյութեր ստանալու համար: Փշատն օգտագործվում է թարմ եւ մշակված: Այն կարելի է պահել բավականին երկար ժամանակ` մոտ 5 ամիս: Փշատի պտուղներից ստանում են «Փշատին» պատրաստուկը, որն օգտագործվում է աղեբորբի` էնտերոկոլիտի ժամանակ` որպես տտիպ դեղամիջոց: Փշատի եփուկը կարելի է օգտագործել նաեւ փորլուծության դեպքում, ինչպես նաեւ` աղեստամոքսային տրակտի տարբեր խանգարումների ժամանակ: Այն շատ օգտակար է նաեւ շնչուղիների խնդիրներ ունեցողներին: Ժողովրդական բժշկության մեջ փշատը նշանակվում է ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի, սրտի եւ երիկամային հիվանդությունների բուժման համար: Եփուկը պատրաստելու համար պետք է 20 գ մանրացրած արմատները 20 րոպե եռացնել 250 մլ ջրի մեջ եւ 2 ժամ հետո քամել: Խմել 2­ական ճաշի գդալ` օրը 2­4 անգամ, շնչուղիների հիվանդությունների, հաստ աղիի բորբոքման ժամանակ: Այն կարելի է համատեղել մի որեւէ մուրաբայի հետ: Եփուկը կարելի է պատրաստել մի այլ եղանակով եւս: Դրա համար անհրաժեշտ է 50 գ պտուղները 350 մլ ջրի մեջ եփել 15 րոպե, ապա թողնել 1 ժամ: Խմել 2 ճաշի գդալ` ուտելուց հետո` օրը 2­4 անգամ, վերը նշված հիվանդությունների դեպքում: Թուրմը պատրաստելու համար 2 թեյի գդալ ծաղիկները 250 մլ եռջրի մեջ թողնել 1 ժամ, ապա քամել եւ խմել 1 ճաշի գդալից` 2­4 անգամ` մրսածության դեպքում, ինչպես նաեւ կարելի է օգտագործել սրտային խնդիրների դեպքում: Փշատի տերեւների թրջոցներն օգնում են բորբոքված վերքերի դեպքում: Շոգեխաշած տերեւները փաթաթել թանզիֆի մեջ եւ դնել ցավոտ մասերի վրա` պոդագրա, ռեւմատիկ ցավեր եւ այլն: ՍՈՒՍԱՆՆԱ ԱԶԱՏՅԱՆ Հ.Գ. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի  հետ:

Комментариев нет:

Отправить комментарий